ՀՅԴ ՀԵՄ երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել կառավարական շենքի դիմաց՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակահայ հայտարարությունների։ Նրանք դժգոհ են նաև ՀՀ պաշտոնյաների արձագանքից։
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Ժորա Ավդալյանն իր ելույթում ընդգծել է, որ «կեղծ խաղաղության համաձայնագիրը պարտադրված կապիտուլյացիայի հասարակ օրինակ է», հայտնում է Panorama.am-ը։
«Մեզ համար Ադրբեջանի նպատակները միշտ եղել են հստակ և ակներև՝ ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական շահերին, ոչ թե փոխադարձ հարգանք, այլ զավթում, ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունից ու ատելության տարածումից հրաժարում, այլ սեփական թեզերի առաջխաղացում գործող իշխանությունների օգությամբ։
Բաքուն ձգտում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման։
Սևանա լճի սեփականացման քարոզչական գործընթացին, որը սկսել է Ալիևը, ջանք չխնայելով աջակցում են ադրբեջանական շահերի պաշտպաններ Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշիյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պետականակործան գործիչներ՝ երևի չգիտեն, որ հայ ժողողուրդն ունի պատմական հիշողություն։
Ալիևի հայտարարությունը քարոզչական հնարք է, որը նպատակ ունի նորմալացնել պատմական փաստերի կեղծումը։
Չենք զարմանա, եթե մի օր էլ լսենք, որ 874 թվականին Ադրբեջանի ժողովուրդն է կառուցել Սևանա թերակղզու առաքելական երկու եկեղեցիները, երբ անգամ գոյություն չունեին որպես ժողովուրդ, ուր մնաց որպես պետություն գոյություն ունենային»,- հայտարարել է Ավդալյանը։
Ալիևը հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ 20-րդ դարասկզբին ցարական Ռուսաստանում տպագրված քարտեզներում Հայաստանի տարածքի տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։






