AM
6 Նոյեմբեր 2025 - 13:19 AMT

Կոստանյան. ՀՀ տեսլականն է COP17-ը դարձնել իսկապես ներառական, մասնակցային համաժողով

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային համաժողովի շրջանակում մասնակցել և հանդես է եկել ելույթով «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանի նախաձեռնությամբ։

ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Հայաստանի նպատակը COP17-ը դարձնելն է իսկապես ընդգրկուն, մասնակցային ու գործնական արդյունքների ուղղված հարթակ, որը կզուգորդի տարբեր շահագրգիռ կողմերին՝ պետական կառույցներից ու բնիկ ժողովուրդներից մինչև քաղաքացիական հասարակություն, կանայք, երիտասարդներ, գիտական շրջանակներ և մասնավոր սեկտոր՝ համատեղ աշխատելու բնության հետ ներդաշնակ ապագայի ուղղությամբ։

Կոստանյանը իր ելույթում կարևորել է կենսաբազմազանության և մարդկային բարեկեցության փոխկապակցվածությունը՝ ընդգծելով, որ էկոհամակարգերի պահպանումը զուտ բնապահպանական նպատակ չէ, այլ աղքատության հաղթահարման, առողջապահական իրավունքների պաշտպանության, սննդի ու ջրի անվտանգության, ինչպես նաև մշակութային ինքնության ու համայնքային կայունության ամրապնդման հիմնասյուն։

Նա նաև վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը բոլոր գործընկերների հետ և մեծ ուրախությամբ կընդունի նրանց Երևանում՝ COP17 համաժողովի շրջանակում։

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ հիմնական զեկուցողը եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին։