ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կրկին արգելել են լքել Հայաստանի տարածքը՝ 2019 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ իշխանությունները դիմել են այդ քայլին, քանի որ նախօրեին դատարանը մերժել էր այդպիսի արգելք կիրառելու երկու միջնորդություն։
Հանրային մեղադրողները նոյեմբերի 5-ին ներկայացրել էին երկու միջնորդություն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելք սահմանելու վերաբերյալ՝ ի հավելումն արդեն իսկ կիրառված գրավի։ Դատարանը, սակայն, մերժել էր այդ առաջարկները։
«Կանխատեսում էինք, որ նիկոլական ռեպրեսիվ ապարատը այսօր ևս մի քայլ կձեռնարկի, ինչը և տեղի ունեցավ։ Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկի գրասենյակ և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք` զուտ որպես պատրվակ, զուտ որպես առիթ, որպեսզի այդ հիմքով արդեն նախաքննության ընթացքում արգելեն նախագահի բացակայությունը, արգելեն նրան մեկնել Հայաստանից։ Այդպիսի մեղադրանքով Սերժ Սարգսյանը այսօր ցերեկվանից նորից գտնվում է այդ ապօրինի ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ»,– ասել է ՀՀԿ փոխնախագահը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ հիշյալ քրեական գործը սկիզբ է առել 2019-ին, երբ նախաքննական մարմինը, ինչպես նա է ձևակերպել, սխալ թարգմանության արդյունքում որոշ ցուցմունքներ է ձեռք բերել գործարար Միքայել Բաղդասարովից։
«Հետո, երբ առերեսում են արել Սերժ Սարգսյանի և լուսահոգի Միքայել Բաղդասարովի միջև, վերջինս հրաժարվել է այդ ցուցմունքներից՝ նշելով, որ դրանք արձանագրվել են սխալ կերպով, սխալ թարգմանությամբ. գիտեք` նա ռուսերեն էր խոսում»,– նշել է Աշոտյանը՝ ընդգծելով, որ այդ դրվագը հետագայում դուրս է մնացել դատարան ուղարկված գործից։
Ըստ Աշոտյանի՝ նույն դրվագով այժմ՝ վեց տարի անց, նոր մեղադրանք է ներկայացվել, որի հիմքով սահմանափակվել է Սարգսյանի տեղաշարժման իրավունքը։
«Եթե 2019-ից հայտնի դրվագը պարունակում էր քրեական հետապնդման հիմքեր, ինչո՞ւ այն չի ներառվել 2025 թվականի գործի մեջ։ Եթե հիմք կար, ուրեմն այն թաքցրել են, իսկ եթե հիմք չկար, ապա հիմա այն արհեստականորեն են հորինել»,– ընդգծել է Աշոտյանը։
Սերժ Սարգսյանի անունը հիշատակվում է մի շարք քրեական գործերում, որոնք քննվում են երկու առանձին վարույթներում։ «Դիզելի գործը» միացվել է մեկ այլ գործին, որում առկա են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները։ Մյուս վարույթում միավորված են Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու և Իսակովի պողոտայի հողերի օտարման վերաբերյալ գործերը։






