Բագրատ սրբազանի և մյուսների գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացվել, որը քննվում է դռնփակ։
Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը, լրացնելով նախորդ նիստում ներկայացված միջնորդությունը, հանդես է եկել ևս մեկ առաջարկով՝ ավելացնելով գրավի գումարի չափը մոտ 25 միլիոն դրամով, հայտնում է Panorama.am-ը։
Նիստը վարող դատավոր Կարեն Ֆարխոյանը հետաքրքրվել է, թե, հաշվի առնելով, որ նախորդ նիստը փակ էր անցկացվել, այս քննարկումը կողմերը նախընտրո՞ւմ են անցկացնել դռնփակ, թե՝ դռնբաց ռեժիմով։
Վարդևանյանը պատասխանել է, որ մինչ դատական նիստը ներկայացրել է բժշկական բնույթի նոր փաստաթղթեր և թողնում է դատարանի հայեցողությանը՝ որոշելու նիստի կարգը։ Նա նշել է, որ եթե դատարանը կարևոր է համարում այդ բժշկական տեղեկանքի վերլուծությունը, ապա հարցը պետք է քննարկվի դռնփակ ձևաչափով։
Արթուր Սարգսյանն իր հերթին ևս հարցի կարգավորումը թողել է դատարանի որոշմանը։
Դատարանն արձանագրել է, որ նոր ներկայացված տեղեկանքները բժշկական են և որոշել է նիստը շարունակել դռնփակ ձևաչափով։






