AM
7 Նոյեմբեր 2025 - 08:16 AMT

Ներկայացվել են «Մանկական Եվրատեսիլում» ՀՀ պատվիրակի երգն ու տեսահոլովակը

Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։

Brave Heart երգը երազանքի մասին է և պատմում է այն պայծառ ու վառ ճանապարհի մասին, որը տանում է մեզ դեպի մեր երազանքները։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

«Նա է առաջ, ում սիրտն է քաջ», – երգում է Ալբերտը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա քաջություն՝ բացելու իր սիրտը աշխարհի առաջ և ընդունելու սերն ու լույսը, որը գալիս է տիեզերքից ու աստղերից։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Վրաստանն ու Ուկրաինան ևս կներկայացնեն հայազգի մասնակիցներ։ Վրաստանը կներկայացնի Անիտա Աբգարյանը՝ «Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը։ Ուկրաինան կներկայացնի Սոֆյա Ներսիսյանը՝ նա հաղթել է ազգային մրցույթում։