ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը գտնվում է մշակման ակտիվ փուլում։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախարարն անդրադարձել է սպասվող հիմնական փոփոխություններին։
Նա նշել է, որ կուժեղացվեն ԱԺ լիազորությունները, կփոխվի ընտրությունների կարգը, հայտնում է Արմենպրեսը։
«Սկզբունքային մակարդակում կարող եմ նկարագրել փոփոխությունները։ Դրանք կապված են իշխանության թևերի ապակենտրոնացման, զսպման ու հավասարակշռման սկզբունքների հետ։ Մենք խնդիր ունենք մի շարք ոլորտներում ուժեղացնել Ազգային ժողովի լիազորությունները։ Արդեն որոշում ունենք նաև ինչ-որ առումով փոխել ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից, այսինքն՝ կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջին ընտրությունների արդյունքներով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձևավորել խորհրդարան»,- մանրամասնել է Գալյանը։
Նա նշել է, որ որոշվել է անցում կատարել երկրորդ ընտրություններին այն դեպքում, երբ առաջին փուլում չի ձևավորվում խորհրդարան՝ անկախ նրանից՝ այդ հնարավորությունը չունի առանձին կուսակցություն թե դաշինք։
Գալյանը հստակեցրել է, որ խոսքը երկրորդ փուլի մասին չէ, այլ նոր ընտրությունների:
«Երկրորդ փուլի իմաստն այն է, որ դրան մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած ուժերը, իսկ երկրորդ ընտրության դեպքում բոլոր մասնակցելու հնարավորություն կունենան։ Կայուն մեծամասնությունն իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո, և այս որոշման հիմքում այն գաղափարն է, որ մենք հնարավորինս խուսափենք ընտրական գործընթացների հավերժ շրջապտույտներից»,–ասել է նա։
Խորհրդարանին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու գաղափարը, նախարարի խոսքով, ընդգրկել է նաև Կառավարության ձևավորման գործընթացում ԱԺ մշտական հանձնաժողովների ներգրավումը։ Այդ հանձնաժողովները, ըստ քննարկված տարբերակի, հնարավորություն կունենան թեկնածուին ուղղել հարցեր և ներկայացնել խորհրդատվական բնույթի եզրակացություն՝ բաց նիստում։
Նախարարը նաև ընդգծել է, որ գործող Սահմանադրությունը չի պարունակում դրույթ Ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ։ Գալյանի փոխանցմամբ՝ սա ևս քննարկման առարկա է եղել, և կայացվել է որոշում՝ սահմանել նման կարգավորում։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև ավելացնել Ազգային ժողովի վերահսկողական գործառույթները Զինված ուժերի կիրառման հարցում։ Նախարարը հավելել է, որ մշակվում է մեխանիզմ, ըստ որի՝ ԱԺ-ն պետք է իր համաձայնությունը հայտնի, եթե որոշում կայացվի Զինված ուժերը կիրառել Հայաստանի սահմաններից դուրս։






