Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
Ավելի վաղ Ղուկասյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել էր հիվանդանոց։ Փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը շաքար ունի, որը հասել է մինչև 19, և կորոնարոգրաֆիայի կարիք կա։
«Այս պահին դեռևս չեն ներկայացրել բժշկական փաստաթղթերը, որ հասկանանք, թե ինչ հիմնավորմամբ են նրան դուրս գրել հիվանդանոցից»,– ասել է փաստաբանը։
Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել Ղուկասյանի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ ուղևորվում է քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր պաշտպանյալին։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 8 մարդ ձերբակալվել է՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու կասկածանքով, որն իրականացվել է պաշտոնատար անձանց կողմից։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Վարդան Ղուկասյանը կալանավորվել է երկամսյա ժամկետով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ նրան ներկայացվել է նոր մեղադրանք՝ Հայաստանի՝ այլ պետությունների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքեր արտահայտելու հիմքով։






