AM
7 Նոյեմբեր 2025 - 11:37 AMT

Երիտասարդների շրջանում էլեկտրոնային սիգարետների օգտագործումն աճել է

Եվրոպայում կանխարգելելի մահվան հիմնական պատճառն այսօր էլ մնում է ծխախոտի օգտագործումը, իսկ Էլեկտրոնային սիգարետների տարածվածությունն երիտասարդության շրջանում արդեն դարձել է լուրջ սպառնալիք հակածխախոտային երկարատև քաղաքականության հաջողությանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի վավերացումից 20 տարի անց, ԱՀԿ/Եվրոպայի կողմից հրապարակված նոր զեկույցը փաստում է, որ Եվրամիությունը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքականության մշակման ոլորտում, սակայն ծխախոտը դեռ ամեն տարի խլում է ավելի քան 500,000 մարդու կյանք։ Այդ մահերի մոտ 80,000-ը պայմանավորված են պասիվ ծխի ազդեցությամբ, հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը։

«Չնայած ԵՄ-ի՝ տարիներ շարունակ իրականացրած հակածխախոտային քայլերին, Եվրոպայում ծխախոտի բացասական ազդեցությունը շարունակում է մնալ ահռելի՝ երկրներում նկատվող էական տարբերություններով։

2022 թվականին Եվրամիության չափահաս բնակչության 26.5%-ը ծխախոտ է օգտագործել, ինչը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը՝ 20.9%-ը։ ԵՄ-ում կանանց գրեթե քառորդ մասն այժմ ծխում է, ինչը ոչ միայն բարձր է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի համարժեք ցուցանիշից (18.9%), այլ նաև զգալիորեն գերազանցում է համաշխարհային ցուցանիշը կանանց շրջանում՝ 7.4%։

Ծխախոտը շարունակում է առաջացնել վաղաժամ մահեր՝ գերազանցելով առողջությանն սպառնացող այլ վարքային կամ մետաբոլիկ գործոններին։ Այս պահին այն կազմում է ԵՄ-ում ոչ վարակիչ հիվանդություններից պայմանավորված վաղաժամ մահերի 17%-ը»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ]խախոտի հասցրած ծանր հետևանքների պատճառը հիմնականում ծխախոտային հզոր ու շահույթին կողմնորոշված արդյունաբերության ազդեցությունն է։ Ներկայումս այդ ընկերությունները, կիրառելով շահույթն ավելացնելու նպատակով տարաբնույթ ռազմավարություններ, վտանգի տակ են դնում ԵՄ առողջ ապագան։

Էլեկտրոնային սիգարետների ու նիկոտինային տոպրակների նման նոր արտադրանքները, որոնք հաճախ ներկայացվում են գունագեղ ձևավորմամբ ու քաղցր համերով, նպատակաուղղված գովազդվում են՝ հիմնականում սոցիալական հարթակներով, ուղղված երեխաներին և դեռահասներին՝ կախվածության մեջ ներքաշելու նպատակով։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանը ներկայումս համարվում է աշխարհում առաջատարը դեռահասների՝ մասնավորապես 13-15 տարեկանների շրջանում էլեկտրոնային սիգարետ օգտագործելու հարցում։ Այս միտումը շարունակաբար աճում է ամբողջ Եվրամիությունում։ Մինչ մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազել է, երիտասարդները էլ ավելի հաճախ են դիմում նիկոտինային նոր միջոցներին։

ԵՄ տարածքում 15-16 տարեկան դեռահասների գրեթե մեկ քառորդը ներկայումս օգտագործում է էլեկտրոնային սիգարետ։ Այս ցուցանիշը տատանվում է՝ Պորտուգալիայում հասնելով 6%-ի, իսկ Լեհաստանում՝ 36%-ի։

2019 թվականից ի վեր դեռահասների շրջանում էլեկտրոնային ծխախոտի կիրառման մակարդակը աճել է ԵՄ անդամ 25 պետություններից 22-ում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ աղջիկները հաճախ ավելի մեծ չափով են օգտագործում այս ապրանքները, քան տղաները։

Գիտական վերլուծությունները փաստում են, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը գրեթե երեք անգամ մեծացնում է ավանդական ծխախոտին անցնելու հավանականությունը, հատկապես այն երիտասարդների շրջանում, ովքեր նախկինում չեն ծխել։ Սա լրջորեն խոչընդոտում է հակածխախոտային պայքարի արդյունքներին։

ԵՄ երկրներն ընդգծում են երկու հիմնական խոչընդոտ՝ նոր ծխախոտային և նիկոտինային արտադրանքների աճ, որը շահագործում է օրենսդրական բացերը, և արդյունաբերության շարունակական միջամտությունը քաղաքական որոշումներին։

Վերջին երկու տասնամյակում ԵՄ-ն ցույց է տվել, թե ինչպես են համակարգված օրենսդրական մոտեցումներն ազդում հանրային առողջության վրա։ Մոտ ապագայում նախատեսվող վերանայումները՝ ներառյալ Ծխախոտային արտադրանքի դիրեկտիվը և Հարկման դիրեկտիվը, նշանակալի դեր կունենան ԵՄ «ծխախոտից զերծ սերունդ» նպատակի իրագործման գործում մինչև 2040 թվականը՝ սահմանելով ծխախոտ օգտագործողների բաժինը մինչև 5%-ի իջեցնելու տեսլականը։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի եզրակացության համաձայն՝ հարկման ուժեղացումը, համերով էլեկտրոնային սիգարետների արգելումը, միատեսակ փաթեթավորման ներդրումը բոլոր նիկոտինային ապրանքների համար և առցանց գովազդի բացերի փակումը կարող են էապես արագացնել հակածխախոտային առաջընթացը։