AM
7 Նոյեմբեր 2025 - 12:38 AMT

ՔԿ–ն Քերոբյանի ձերբակալության մասին մանրամասներ է հայտնել. Կա ևս 6 ձերբակալված

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է ձերբակալվել Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ձերբակալվել է ևս 6 անձ։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է հանցավոր կազմակերպություն, որը 2008-ից 2014 թվականներին իրականացրել է խոշոր կոռուպցիոն գործարքներ։

Պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն, ունենալով սերտ կապեր Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի և մի շարք ընկերությունների փաստացի ղեկավար Գ.Ա.-ի հետ, կազմակերպել է Երևանում գտնվող հողամասերի՝ 40 հա, 19.3 հա և 14.5 հա մակերեսով տարածքների ապօրինի դուրսբերում համայնքային գույքային ֆոնդից։

Կեղծ փաստաթղթերի օգնությամբ այդ հողերը ձևակերպվել են փոխկապակցված անձանց անուններով, որոնք հետագայում օգտագործվել են հափշտակված գույքով վարկեր ստանալու նպատակով։ Ընկերությունների միջոցով դրանք գրավադրվել են առևտրային բանկերում, և ստացվել է 10 մլն դոլարից ավելի վարկային միջոց։

Հետագայում, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և խարդախության ճանապարհով ապահովվել է այդ հողատարածքների նկատմամբ կեղծ սեփականության վկայականների տրամադրում՝ ինչը հիմք է հանդիսացել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հետագա շրջանառության ու փողերի լվացման համար։

Նախաքննությամբ բացահայտվել է հանցավոր կազմակերպության կազմը։ Իշխանությունների կողմից իրականացվել է մեկ տասնյակից ավելի խուզարկություն՝ կասկածյալների բնակարաններում, որտեղ հայտնաբերվել են գործի համար կարևոր ապացույցներ։

Ներկայում 12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, որոնցից 7-ը ձերբակալվել է։

6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 4 անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում․ յուրաքանչյուր մեղադրվող անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի։