AM
7 Նոյեմբեր 2025 - 14:08 AMT

Պարեկային ծառայության համալրման ընդունելություն է հայտարարվել

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ընդունելություն է հայտարարել ոստիկանության պարեկային ծառայությունը համալրելու նպատակով։Դիմել կարող են առնվազն միջնակարգ կրթություն և 1․55սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող ՀՀ այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստվածությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Աստվածատուր Կակոսյանը նշել է, որ ընդունելությունը բաղկացած է երեք փուլից, հայտնում է Արմենպրեսը։

Առաջին փուլում ստուգվում է դիմորդների ֆիզիկական պատրաստվածությունը, որը ներառում է պտտաձողի վրա ձգումներ, 1000 մետր վազք և համալիր ուժային վարժությունների կատարում։

Երկրորդ փուլը բաղկացած է հոգեբանական թեստավորումից, այդ թվում՝ IQ թեստից, որի միջոցով գնահատվում է դիմորդների համապատասխանությունը ընդհանուր մասնագիտական հմտություններին։

Երրորդ փուլում դիմորդը մասնակցում է հարցազրույցի, որն անցկացվում է հստակ ձևակերպված հարցաշարով։ Հանձնաժողովը նպատակ ունի պարզել դիմորդի հոգեբանական նկարագիրը, ունկնդրելու կարողությունը և արժեքային համակարգը։ Եթե հանձնաժողովի մեծամասնությունը գնահատում է, որ թեկնածուն դրական պատասխաններ է տվել, նա անցնում է հաջորդ փուլ։

«Մինչև քննություններին անցնելը, դիմորդներն անցնում են բժշկական զննություն, ստուգվում է նրանց առողջական և ֆիզիկական վիճակը»,- նշել է ավագ պարեկը։

Երեք փուլերն անցած թեկնածուները, նախքան ծառայությանն անցնելը, կանցնեն վեցամսյա ուսումնական ծրագիր։

Այս փուլում սահմանվել է 250 տեղ՝ 100-ը Երևանում, իսկ մնացածը՝ մարզերում։

Աստվածատուր Կակոսյանը կարևորել է նաև կանանց ներգրավվածությունը պարեկային ծառայությունում՝ շեշտելով, որ փորձը ցույց է տվել՝ կանայք արագ յուրացնում են թե՛ տեսական, թե՛ գործնական հմտությունները։ Նրանք աչքի են ընկնում բարեխիղճ աշխատելով, բարձր որակով սպասարկելով քաղաքացիներին և լիարժեք կատարելով առաջադրանքները։

«Բացի այդ, հատկապես այնպիսի իրավիճակների դեպքում, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը կամ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունը, կին ծառայողներն ավելի արդյունավետ են գործում»,- ասել է Կակոսյանը։

Նա տեղեկացրել է, որ այս փուլով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար Երևանում սահմանված 100 տեղերից 30-ը նախատեսված են կանանց համար։

Դիմումների ընդունումը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 12-ը։