AM
7 Նոյեմբեր 2025 - 14:48 AMT

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է ինքնասպան եղել

Անցնող 11 ամիսների ընթացքում մահվան 20-րդ դեպքն էր գրանցվել քրեակատարողական հիմնարկում։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է ինքնասպան եղել։ Տեղեկությունը հաստատեl 1 Քրեակատարողական ծառայություն հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է Factor.am-ը։

«Նոյեմբերի 7-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.): Քրեակատարողական հիմնարկ հրավիրված շտապօգնության բժիշկների կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը: ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշել է Նավիկյանը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հիմքով՝ «ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ»։

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ըստ տվյալների՝ տարվա ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրված 20 մահվան դեպքերից 8–ը ինքնասպանություն է եղել։