AM
8 Նոյեմբեր 2025 - 07:07 AMT

Սարգսյան. Կասկածներ ունեմ, որ գերիների ցուցակում եղել են մարդիկ, որ հայտնվել են այնտեղ ոչ առանց ՀՀ միջամտության

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի ընթացքում, անդրադառնալով Բաքվում շինծու գործերով դատվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին, ասել է, որ կասկածներ ունի, որ այդ «ցուցակում ընդգրկվել են մարդիկ, որ հայտնվել են այնտեղ ոչ առանց Հայաստանի միջամտության»։

Նա նշել է, որ Արցախի ղեկավարներն այլ ելք չունեին` կամ պետք է փախչեին Հայաստան` վարկաբեկելով իրենց, կամ գնային ինքնազոհողության։

«Նրանք ընտրեցին ինքնազոհողությունը»,–ասել է նա։

Ըստ Սարգսյանի, կար նրանց էլ օդային ճանապարհով տարհանելու տարբերակ, ինչպես դա արվեց գործող նախագահ Սամվել Շահրամանյանի և մի քանի այլ անձանց դեպքում։

«Շատ տարօրինակ է, թե ինչու, օրինակ, ադրբեջանցիները պիտի գործող ՊԲ հրամանատրին թույլ տային հատել սահմանը ու հասնել Հայաստան, իսկ արդեն 2 տարի պաշտոնից հեռացած նախարարին, գերեվարեին»,– ասել է Սերժ Սարգսյանը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։