Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ պատրաստ է վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունն ու տեխնիկան ցուցադրել ոչ միայն քաղաքական ուժերին, այլև ՀՀ քաղաքացիներին։
Նա հորդորել է 50 հոգանոց խմբեր կազմել և ընտրել պատասխանատուի, նման միջոցառմանը մասնակցելու համար։
«Մտածեցի՝ մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին և ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։
Համաձայն եմ, արդար չի։
Հետևաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։
Ի՞նչ է պետք անել նման ձևաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․
1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով և ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։
2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։
3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։
Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձևավորումից և նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»,–ասվում է գրառման մեջ։
Նախորդ գրառման մեջ Փաշինյանը նույնն առաջարկել էր ՀՀ նախկին նախագահներին։
«Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։
Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»,–գրել է նա։
Արձագանքելով ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ մեկ այլ գրառման մեջ վարչապետը գրել է․ «ՍՍ–ն փորձել է տպավորություն ստեղծել, թե 2018–2020 թվականների ընթացքում մենք բանակը կազմաքանդել ենք, դրա համար էլ եղել է այն, ինչ եղել է»։
Ընթերցեա նաև․ Սարգսյանը խոսել է 44-օրյայի պատճառների մասին, Փաշինյանը՝ խոստացել հրապարակել բանակցային փաստաթղթերը






