AM
8 Նոյեմբեր 2025 - 08:34 AMT

ԵՄ–ի 5 մլն եվրո աջակցությամբ մեկնարկել է ՆԳՆ զարգացման նոր ծրագիրը

ԵՄ մոտ 5 միլիոն եվրո աջակցությամբ ՀՀ–ում մեկնարկել է նոր ծրագիր, որը նպատակ ունի զարգացնել Ներքին գործերի նախարարության՝ ոստիկանության և Փրկարար ծառայության մասնագիտական կարողությունները և ինստիտուցիոնալ ներուժը։

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում» ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում է ՆԳՆ–ն։

Մասնակցում էին նաև Եվրոպական Միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ-ի, ՆԳ նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Ծրագիրը ներառում է ոչ միայն ոստիկանության բարեփոխումների շարունակականությունը, այլ նաև Փրկարար ծառայության և աղետների ռիսկի կառավարման ոլորտների զարգացումը՝ ապահովելով դրանց համաչափ ընդգրկումը։

Կարևորվել է նաև Փրկարար ծառայության կարիքների համար հատուկ տեխնիկայի ձեռքբերումը, աղետներին առաջինը արձագանքողների ինստիտուտի հիմնադրումն ու շարունակական զարգացումը՝ ապահովելով նրանց անհրաժեշտ վերապատրաստումները, իրական ժամանակում աղետների ռիսկի կանխատեսման և կառավարման 3D մոդելավորմամբ ԵՄ-ում կիրառվող գործիքի ներդրում։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումներն ինչպես ինստիտուցիոնալ և գործառնական, այնպես էլ կարողությունների զարգացման ու հմտությունների կատարելագործման ուղղությամբ։

«Ուզում եմ վերահաստատել ՀՀ կառավարության հանձնառությունը` շարունակելու Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումները, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ գործնական և թե՛ նաև կարողությունների զարգացման, հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ որևէ ինստիտուտի ներդրումն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք արձանագրենք, որ այս կամ այն բարեփոխումն իրականացվել է․ հակառակը, սա մի նոր գործընթացի մեկնակետ կարելի է դիտարկել»,- նշել է ՆԳ նախարարը։