AM
8 Նոյեմբեր 2025 - 08:57 AMT

Սարգսյանն ասել է՝ չի հասկանում, ոնց կարելի էր հենց սկզբից ՀՕՊ–ի կեսը կորցնել, ըստ Փաշինյանի՝ «ՀՕՊ համակարգը մետալալոմ էր»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2020–ին Ադրբեջանի հարձակման հենց առաջին րոպեներից պետք է գործի դներ ամենահզոր և հեռահար համակարգերը, ինչն, ըստ նրա, «կարող էր բերել նույնիսկ այդ հարձակման կանխարգելմանը, ձախողմանը»։

Նա հավելել է, որ չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։

Նախկին նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ դեռ նախօրեին իշխանությունները տեղեկացված էին Ադրբեջանի հարձակման պլանների մասին։

«Եթե ես լինեի, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը։ Նախ կզանգահարեի գլխավոր շտաբի պետին ու կասեի՝ արդյոք զորքերը բերե՞լ եք առաջին մարտական պատրաստականության։ Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո, միևնույն է, կզանգահարեի Արցախի ՊԲ հրամանատարին և նույն հարցը կտայի։ Բացասական պատասխանի դեպքում պարզ է, թե ինչ տեղի կունենար»,- ասել է Սարգսյանը։

Ըստ նրա՝ կհետաքրքրվեր նաև, թե արդյոք առաջնագիծը համալրվե՞լ է, ՀՕՊ–ն ու հրետանանին տեղափոխվե՞լ են, հրամանատարներն արձակուրդից հետ կանչվե՞լ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի այս հայտարարություններին ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր, իսկ «դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս» դրանք նորացնելու հարցում:

«ՍՍ–ն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44–օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։

Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան (ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ)։

Ու որ հանկարծ իրենց կողմից մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տալը շատ աչք ծակող չլիներ, դաշնակիցները սիմվոլիկ մեկ–երկու բան էին մեզ գցում, անհրաժեշտի 0․1 տոկոսը, որ հետո թեմա բացվելու դեպքում մատնացույց անելու բան ունենան։

Ոչ դաշնակիցներն էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք․

1․ ՀՀ ՀԱՊԿ անդամ լինելը։

2․ Այն, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։

Մենք էլ որտեղից ինչ հնարավոր էր, դա էինք փորձում ձեռք բերել, փորձում արդիականացնել, ի դեպ՝ այդ պահին ՀՀ–ում գործող ամենաբարձրաստիճան (ձեր նշանակած) զինվորականների խորհուրդներին ու ռեկոմենդացիաներին ի պատասխան։

Հիմա ի՞նչ ես գնացել փեսուդ ձեռքից կերակրվողների դիմաց նստել, հետս բանավիճում։ Բանավիճելու բան ունես, արի գնանք բանավիճենք ուղիղ եթերում։ Թե չէ Միշիկի դիմաց նստել ինձ հետ բանավիճելը ո՞րս է։ ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ կբերես հետդ»,–գրել է Փաշինյանը։