ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ հայտարարել է, որ 2018–ին իր հրաժարականից առաջ որևէ երկրի ղեկավարի չի զանգահարել, սակայն հրաժարականից հետո 3 անգամ հեռախոսազանգ է ստացել ՌԴ նախագահից։
«Ամսի 17-ին վարչապետ ընտրվելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահը զանգահարեց, շնորհավորեց: Մինչև հրաժարականս որևէ նշանակալի անձի հետ հեռախոսազրույց չեմ ունեցել»,- ասել է նա։
Հրաժարականից հետո Վլադիմիր Պուտինից ստացած երեք հեռախոսազանգերի բովանդակության մասին նա չի ցանկացել խոսել։
«Բովանդակության մասին հիմա ձեռնպահ կմնամ խոսել, բայց կգա ժամանակը, որ բովանդակության մասին էլ կխոսեմ»,-ասել է նա։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակները մի հատված են հրապարակել Սերժ Սարգսյանի 2023 թվականի ելույթից՝ «Քաղաքացիական կրթության դպրոցում» հանդիպման ընթացքում, որտեղ ՀՀ երրորդ նախագահը, ի պատասխան Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հարցի, անդրադարձել է 2018-ի իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի դիրքորոշմանը, գրում է Aysor.am-ը։
«Համարում եմ, որ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել մեզ պաշտպանելուց։ Թե ինչո՞ւ. դա տարբեր պատճառներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով, օրինակ, Ուկրաինայի փորձը, երբ փորձեցին պաշտպանել Մայդանի ժամանակ, բայց չստացվեց։ Տարբեր պատճառներ կարող են լինել։
Ես երբեք չեմ խուսափել և միշտ ասել եմ ու շարունակելու եմ ասել՝ ես Ղարաբաղով եկել եմ, Ղարաբաղով էլ կգնամ։ Ինձ համար իշխանությունն ավելի կարևոր չէ, քան մեր ազգային շահերը»,–ասել է նա։
Վերադառնալով Ռուսաստանի վարքագծին՝ Սարգսյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում Մոսկվան ցուցաբերել է որոշակի անտարբերություն։
«Եվ քանի որ ՌԴ մի փոքր անտարբեր էր, ապա ռուսական ազդեցության կառույցները հիմնականում եկել էին հրապարակ, և մեր հարցին՝ դուք ի՞նչ ունեք հրապարակում, նրանք ասում էին՝ մեր նպատակն է, որ այս շարժումը չվերածվի հակառուսական շարժման։ Իսկ արևմտյան կառույցները դա ընկալել են որպես ռուսների կողմից կազմակերպվող օպերացիա, և իրենք են ակտիվացվել՝ շահելով այդ պայքարը»,–ասել է երրորդ նախագահը։
Ըստ Սարգսյանի, ՌԴ դիրքորոշման պատճառներից մեկն այն էր, որ նրանք վստահ էին՝ իշխանությունը կանցնի Կարեն Կարապետյանին։
«Հարց կարող է առաջանալ՝ ինչու՞ էր ՌԴ ձեռնպահ մնում. որովհետև նրանք համարում էին, որ բոլոր պարագաներում, նույնիսկ ժողովրդական ընդվզման պարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնին լինելու է ռուսամետ գործիչ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, և դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան»,-ասել է Սարգսյանը։






