Աամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնը «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի հետ խոսել է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հակաեկեղեցական արշավի, հոգևորականների դեմ շարունակվող հետապնդումների, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ազատազրկման և այլ հարցերի շուրջ։
Զրույցի սկզբում Կարլսոնը խնդրել է Կարապետյանին ներկայացնել համառոտ տեղեկություն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Կարապետյանը պատմական ակնարկ է արել՝ ընդգծելով, որ հայ ժողովրդին դարեր շարունակ միասնական է պահել եկեղեցին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հայաստանն այսօր ունի վարչապետ, որ թվում է, թե մտադրված է քանդել քրիստոնեությունը կամ եկեղեցին»,– հարց է ուղղել Կարլսոնը։
Կարապետյանը նշել է, որ հակաեկեղեցական հռետորաբանությունն ու գործողությունները սկսվել են ամիսներ առաջ, ուղղված լինելով նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրագույն հոգևորականների դեմ։
Կարլսոնը ցնցված էր այն տեղեկությունից, որ Հայաստանում այս պահին կալանավորված արքեպիսկոպոսներ կան։
«Հանրությունը ցնցված էր, շատերն էին ցանկանում խոսել, բայց չէին կարող դա անել»,– ասել է Կարապետյանը։
Նա բացատրել է, որ ՀՀ վարչապետը դիրքավորվում էր որպես ժողովրդավար առաջնորդ, սակայն աստիճանաբար տեսնում ենք, թե ինչպես նրա գործելաոճն ավելի ու ավելի նման դառնում բռնատիրական ռեժիմի։ Պատճառն այն է, որ Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է։ Այս հանգամանքներում գործարար, բարերար Սամվել Կարապետյանը լրատվամիջոցներից մեկին 37 վայրկյան տևողությամբ հարցազրույց է տալիս, որում պաշտպանում է Հայոց եկեղեցին։ Դրանից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում, ԱԺ-ում ելույթ է ունենում, որից րոպեներ անց Սամվել Կարապետյանի տուն են գալիս իրավապահները։
«Նրանք հոդված էին փնտրում, որով կարող էին գործ հարուցել։ Հիշում եմ, որ քննիչներից մեկը ներս մտավ ու ասաց՝ ես գտել եմ հոդվածը, մյուս քննիչն ասաց՝ չէ, դա չի աշխատի»,- պատմել է Կարապետյանը։
Նա նաև հավելել է, որ իշխանություններն ցանկանում են խլել նրա հայաստանյան բիզնեսները, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է պաշտպանել իր եկեղեցին ու հավատքը։
«Նա կարող է ազատ լինել, կարող է իր բիզնեսների հետ լինել, բայց նա դա չի անում իր հավատքի համար, որովհետև եկեղեցին ու հավատքը կարևոր են»,– ընդգծել է Նարեկ Կարապետյանը։
Թաքեր Կարլսոնը նշել է, որ պատմածը միաժամանակ ոգեշնչող է և մտահոգիչ՝ իր երախտագիտությունը հայտնելով պայքարի համար և շեշտելով, որ այս ամենը ոչ միայն Հայաստանի, այլ քրիստոնեության համար է։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը, ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






