ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում իր կողմից իրականացված քայլերի և դիվանագիտական շփումների մասին։
Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է հրապարակայնորեն հայտնում, որ 2020-ի սեպտեմբերի 30-ին իր աշխատասենյակում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ, և վերջինիս խնդրանքով գնահատել է տեղի ունեցող իրադարձությունները՝ ասելով․ «Ես վատ զգացողություն ունեմ, ես կարծում եմ, որ մեր գործերն այդքան էլ լավ չեն գնում և եթե տեղի ունենա ողբերգություն, ապա Հայաստանում իրավիճակը շատ է փոխվելու, առաջանալու են հակառուսական տրամադրություններ և սրանք փորձելու են Հայաստանը դուրս տանել մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող կառույցներից», հայտնում է Panorama.am-ը։
Սարգսյանն ասել է, որ այդ գաղափարը ծնվել է, երբ երկրորդ նախագահն ու ինքը Արցախում էին, իհարկե՝ տարբեր ժամանակներ էին գնացել։
«Այնտեղ ես համոզվեցի, որ գործերը շատ վատ են գնում»,– ասել է նա։
Նա անդրադարձել է նաև Արցախում ունեցած հանդիպումներին՝ պատմելով, որ ՀՀ երկրորդ նախագահի, Արցախի նախկին նախագահների և մարտական ընկերների հետ քննարկել է ընթացիկ իրավիճակը։
Սարգսյանի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ինքը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին խնդրել է կազմակերպել հանդիպում Արցախի գործող նախագահի՝ Արայիկ Հարությունյանի հետ՝ հայտնելով, որ ցանկանում է բարձրաձայնել պարտության վտանգի մասին և համոզել՝ դիմել Ռուսաստանի նախագահին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով։
«Այդ ընդունելության ժամանակ ուզում էի ասել, որ մենք գնում ենք պարտության, ձախողման և անհրաժեշտ է համոզել Հայաստանի կառավարիչներին, որպեսզի դադարեցնեն պատերազմը՝ խնդրելով ՌԴ նախագահին»,– ասել է նա՝ ընդգծելով նաև, որ ուներ առաջարկներ ու խորհուրդներ՝ պաշտպանության կազմակերպման հարցում։
Սակայն, ըստ Սարգսյանի, Բակո Սահակյանը հայտնել է, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Մարտակերտում, որտեղ իրավիճակը լարված է, և հանդիպման հնարավորություն չկա։
«Ես արդեն ինչ-որ բան զգացի, որովհետև, եթե մարդն իմ խորհրդի կամ աջակցության կարիքն ունենար, ապա հանդիպման ձևը կգտներ։ Ղարաբաղի տարածքը Ռուսաստանի տարածքը չէ, որ մի կողմից չհասցնես գալ»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը՝ հավելելով, որ հաջորդ օրը Բակո Սահակյանը փոխանցել է Հարությունյանի անունից ներողություն՝ նշելով, որ չի կարող հանդիպել։
Այնուհետև, Սարգսյանի խոսքով, Երևանում հանդիպում է կայացել ՀՀ երեք նախագահների միջև, որտեղ որոշվել է, որ առաջին և երկրորդ նախագահները պետք է մեկնեն Մոսկվա՝ հասկանալու, արդյոք հնարավոր է հրադադար ձեռք բերել։
«Ուղղակի մի խնդրանք կար, որ Բակո Սահամյանը և Արկադի Ղուկասյանը պետք է համաձայնեցնեցնեին Հայաստանի կառավարչի հետ, որ ինքը գոնե տեղյակ պահի, որ ՀՀ-ի Առաջին և Երկրորդ նախագահները գալիս են այնտեղ շփվելու՝ ոչ թե Ռուսաստանի ղեկավարի, նախագահի, այլ արտգործնախարարի հետ, բայց, ցավոք սրտի, պատասխանը եղավ՝ դե իրանք ուզում են՝ թող գնան։ Բայց հո էդ մարդիկ սովորական քաղաքացիներ չեն և ոչ էլ ընդունող կողմն է միամիտ, որ առանց կառավարչի համաձայնության հանդիպեն»,– ասել է Սերժ Սարգսյանը։






