AM
8 Նոյեմբեր 2025 - 10:37 AMT

Քերոբյանը չի կալանավորվել և մեղադրանքը չի ընդունում

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվել և չի ընդունում իր դեմ հարուցված քրեական մեղադրանքը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։

Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,–գրել է նա։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպքի գործով մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուս 8 անձանց նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոց։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խուզարկել են Քերոբյանի բնակարանը, ապա ձերբակալել նրան։

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում նախապես ձերբակալվել էր 9 անձ, որոնց կալանավորման վերաբերյալ ներկայացվել էին միջնորդություններ։