AM
8 Նոյեմբեր 2025 - 12:17 AMT

ՀԱԵ–ն քննարկում է Կոմիտաս վարդապետին սրբադասելու հարցը

Հայ Առաքելական Եկեղեցին քննարկում է Կոմիտաս վարդապետին սրբադասելու հարցը: Այն, ի թիվս այլ հարցերի, նոյեմբերի 4-7-ը Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստի օրակարգում էր։

«Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց և որոշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանման 1700-ամյակին նվիրված հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման և Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով ձևավորել հանձնախմբեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։ Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։ Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը։