AM
10 Նոյեմբեր 2025 - 08:07 AMT

Փաշինյան․ Քոչարյանի ու Սարգսյանի ասածները հաստատում են՝ ԼՂ հարցը թոկ էր ՀՀ-ն «մոտակա ծառից» կապելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցներին, գրել է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունները վերահաստատում են, որ Ղարաբաղի հարցը այլ ուժերի ձեռքին եղել է թոկ ՀՀ-ն «մոտակա ծառից» կապելու համար։

Նա նաև հաստատել է իր խոստումը՝ մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաստաթղթերը։

«1․ ՔՌ–ի եւ ՍՍ–ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։

2․ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (короткий поводок): Մինչեւ տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։

3. «Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (այս թեմային բազմիցս հրապարակային անդրադարձել եմ)։

4․ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։

5․ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։

6․ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։

7․ ՔՌ–ն եւ ՍՍ–ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել եւ իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի եւ մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։

8. Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձեւավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո։

9․ Սպասվող արդյունքը՝ 0+0=0:

Հ․Գ․ Ղարաբաղի մեր ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին»ն տված հարցազրույցում հայտարարել է, որ 44–օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 18-19–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկը՝ հստակ իմանալով, որ պարտվելու է։ Քոչարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերին՝ նշելով, որ նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետն ու Թրամփի ուղու մասին կետը նույնաբովանդակ են։

«Նոյեմբերի 9–ի փաստաթղթի 9–րդ կետում ասվում է անխոչընդոտ ճանապարհի մասին։ Եթե համեմատենք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ, ապա նույն բովանդակությունն է, այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք, և այդ 9–րդ կետը մտցված էր, որ Լաչինի միջանցքի հետ որոշակի սիմետրիա լինի։ Այն ժամանակ փոխանակ կառչեին այդ կետից ու ապահովեին ճանապարհի ֆունկցիոնալությունը, Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետը կատարելուց, որը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց, և ամեն ինչ ավարտվեց Արցախի կորուստով»,– հայտարարել է Քոչարյանը։