Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ, որի հեղինակները գտնվում են երկրից դուրս:
Նա հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը գործիք է այդ հրեշավոր ծրագիրն իրականացնելու համար։
«Ավելորդ է անդրադառնալ գործիքի ձեռքին գործիք դարձած ծառաների պահվածքին՝ լինի դա կարգալույծ քահանա, ՔՊ-ական պատգամավոր, թե ուժային կառույցի ներկայացուցիչ։
Մենք պետք է ամբողջությամբ ընկալենք հարցի խորքը, հասկանանք, որ սա միայն մեր բարձրաստիճան հոգևորականների դեմ պայքար չէ. նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան:
Ես չեմ հոգնի կրկնել, որ այն, ինչ կատարվում է մեր դեմ, դա հայկականության դենացիոնալիզացիայի ծրագիր է, այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, որի դրսևորումները կտեսնենք առաջիկայում:
Հետևաբար, Եկեղեցու դեմ արշավը պետք է նայել այս համատեքստում, հասկանալ հարցի լրջությունն ու խորքը, ստեղծել պաշտպանության ազգային ճակատ և միասնական ուժերով կանխել այդ հրեշավոր ծրագրի գործադրումը:
Հ.Գ. Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը:
Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով`
● լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ,
● մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,
● պատմական փաստերի կեղծումով,
● բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ,
● ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը, ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






