Նոյեմբերի 9–ին ձերբակալված Վաղարշապատ համայնքի Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանն ընտրել է խափանման միջոց տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Factor.am-ը։
Անուշ Համբարձումյանը Վաղարշապատի ընտրություններին հանձնաժողովի նախագահ էր նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
Նոյեմբերի 9–ին իրավապահ մարմինը հայտնել էր, որ «Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։ Ըստ հաղորդագրության, քրեական գործը հարուցվել է բարեգործության արգելքի խախտման հիմքով, որը արձանագրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերված տվյալների հիման վրա։
Օրեր առաջ Newday.am-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պնդվում էր, թե ՔՊ անդամ Համբարձումյանը միաժամանակ ընտրությունների ընթացքում օգնություն է բաժանում։
Դրանից հետո նա ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Որոշ լրատվականներ, առանց հաշվի առնելու մարդու տարիներով կատարած բազմաթիվ բարեգործական կամավոր աշխատանքները, փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ։
Հերթական աշխատանքը, որը ստիպված էի կատարել, քանի որ Կամրջակից ասացին որ դոնոր կազմակերպություններին պետք է հաշվետվություն ներկայացնեն, իմ հրաժարվելու դեպքում 60 սովորող կզրկվեր տաք կոշիկներից և հագուստից։ Առաջնորդվելով մտքի և խղճի բարձր զգացումով, որ սոցիալական ծանր կացության մեջ կտնվող ծնողների համար սա անհրաժեշտություն է՝ համաձայնեցի»։






