AM
10 Նոյեմբեր 2025 - 10:35 AMT

Փաստաբան․ Միքայել սրբազանի դատապարտումն ակնհայտ ապօրինի է եղել

Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Միքայել սրբազանի գործին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատապարտումն ակնհայտ ապօրինի է եղել։

«Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը․

Դատաքննության ընթացքում պնդում էինք, որ անկախ որոևէ ապացույցից ու անկախ գործում առկա կոպտագույն խախտումներից, միևնույն է այդ (Չ)դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին այդ շինծու մեղադրանքով։

(Չ)դատավորն ասում էր, որ այդպիսի բան չկա։

Նշեմ հերթական ակնհայտ ապացույցը․

1․ դատաքննության հենց սկզբում հիմնավորեցինք, որ քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է եղել, ինչը քրեական հետապնդումը դադարեցնելու ողղակի հիմք էր և այդպիսի միջնորդութուն ներկայացրեցինք դատարանին։

2․ Միջնորդության լուծումը Դատարանը հետաձգեց, պատճառաբանելով, որ դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքներ պետք է պարզի ապացույցների հետազոտման միջոցով։

3․ Սակայն երբ ապացուցների հետազոտումն ավարտվեց, (Չ)դատավորն այդպես էլ այդ միջնորդության վերաբերյալ որոշում չկայացրեց և առանց այդ միջնորդությունը քննելու ու լուծելու, դրա փոխարեն մեղադրական վերդիկտ կայացրեց։

4․(Չ)դատավորն այդ միջնորդությանն անդրադարձել և այն մերժել է միայն մեղադրական վերդիկտ կայացնելուց հետո կայացրած դատավճռում։

Հիմա հարց՝ եթե (Չ)դատավորն արդեն մեղադրական վերդիկտ էր կայացրել Միքայել սրբազանի նկատմամբ, դրանից հետո մի՞թե կարող էր հակասել ինքն իրեն՝ բավարարեր մեր միջնորդությունը և քրեական վարույթն ապօրինի լինելու հիմքով դադարեցներ քրեական հետապնդումը։

Մի՞թե հաստատելու էր, որ ապօրինի գործով է մեղավոր ճանաչել Միքայել սրբազանին։

Այսինքն, (Չ)դատավորն ի սկզբանե գիտեր, որ մեղավոր է ճանաչելու Միքայել սրբազանին և մերժելու է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների ցանկացած միջնորդություն։

Ակնհայտ անարդար դատական ակտի կայացումը հատատող հերթական ակնհայտ ապացույցն է․․․»,–գրել է նա։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման իշխանության զավթման կոչի համար։ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։