AM
10 Նոյեմբեր 2025 - 11:41 AMT

Առաջարկվում է ընտանեկան բռնության ենթարկվածներին դատարաններում ազատել պետտուրքից

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որի նպատակն է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար դատարաններում պետական տուրքի վճարումից ազատման նոր արտոնություններ սահմանել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա առաջարկում է արտոնություններ կիրառել այն դեպքերում, երբ բռնության ենթարկված անձինք ներկայացնում են վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշումների դեմ, ինչպես նաև դատական հայցեր՝ ամուսնալուծության, ծնողական իրավունքների իրականացման կամ սահմանափակման, երեխայի խնամքի ու շփման կարգի, հայրության որոշման հետ կապված հարցերով։

«Այսօր պետական տուրքի վճարումից ազատվում են այն հայցվորները, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով դիմում են դատարան։

Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնություն գործադրած անձանց կողմից վարչական դատավարության կարգով բողոքարկվում են ոստիկանության կողմից կիրառված պաշտպանության միջոց՝ նախազգուշացումն ու անհետաձգելի միջամտության մասին որոշումները։ Բռնության ենթարկված անձինք, իրենց հերթին, ստիպված են լինում նախ վերաքննության, ապա՝ վճռաբեկության կարգով բողոքարկել վարչական դատարանների դատական ակտերը՝ առանց պետական տուրքի մասով արտոնյալ պայմանների։

Բացի այդ, ըստ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տրամադրած տվյալների՝ 2021 թվականից մինչև 2025 թվականի առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնության ենթարկված 324 անձ դատարան չի դիմել ամուսնա-ընտանեկան իրավահարաբերություններից բխող այլ հայցերով՝ գումար չունենալու պատճառով։ Նույն կազմակերպության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում 6,945 շահառուների հաշվով մասնավոր՝ քաղաքացիա-իրավական բնույթի գործերի թիվը կազմել է 1157, որոնցից ամուսնալուծություններինը՝ 489, երեխայի խնամքի վերաբերյալ գործերինը՝ 260, ալիմենտինը՝ 511։

Այսպիսով՝ արդեն իսկ ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում գտնվող բռնության ենթարկված անձինք հայտնվում են կրկնակի անբարենպաստ և խոցելի պայմաններում։

Նկատի ունենալով վերը նշվածը և ոլորտի ՀԿ-ների առաջարկները՝ շրջանառության մեջ եմ դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, բռնության ենթարկված անձանց համար լրացուցիչ արտոնություններ սահմանելու նպատակով»,–ասվում է գրառման մեջ։