AM
10 Նոյեմբեր 2025 - 12:35 AMT

Աշոտ Մինասյանի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել թե՛ պաշտպանի, թե՛ գլխավոր դատախազի կողմից, հայտնում է «Փաստինֆոն»։

Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ բողոք են ներկայացրել երկու կողմերն էլ։ Մինասյանի պաշտպանն արդարացման դատավճիռ է պահանջում՝ դատարանից խնդրելով ամբողջությամբ բեկանել գործող վճիռը։ Դատախազությունը, իր հերթին, պահանջում է խստացնել պատիժը՝ կիրառելով 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Գործով Վճռաբեկ դատարանի զեկուցող դատավորն է Արթուր Պողոսյանը։ Դեռևս չկա տեղեկություն բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ։

Մինասյանի դեմ քրեական հետապնդումը սկիզբ էր առել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ Այդ օրերին Հայաստանի մի շարք հայտնի դեմքեր՝ այդ թվում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և դաշնակցական Աշոտ Ավագյանը, ձերբակալվել էին՝ իբր վարչապետ Փաշինյանի սպանության նախապատրաստության մեղադրանքով։ Սակայն այդ գործն ավելի քան մեկ տարի անց կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Վերջին հաշվով, Մինասյանի նկատմամբ պահպանվել էր միայն զենքի ապօրինի պահման մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս դրվագով գործն ուղարկվել էր Սյունիքի մարզի դատարան դեռևս 2022-ին։ Նշենք նաև, որ այդ ժամանակ դատավոր Բորիս Բախշիյանը փոխել էր Մինասյանի խափանման միջոցը՝ նրան ազատ արձակելով, ինչից հետո ճնշում էր գործադրվել հենց դատավորի նկատմամբ։

Ավելի ուշ գործը քննվել էր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ։ Այժմ Վճռաբեկ դատարանում հնարավոր է վերջնական որոշում ընդունվի՝ կամ արդարացնելով Մինասյանին, կամ նոր պատժաչափ սահմանելով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Վարսենիկ Մելքոնյանի, դեռ 2024–ի դեկտեմբերի 26-ին մեղավոր էր ճանաչել Մինասյանին, վերջինիս նշանակելով 2 տարվա ազատազրկում։ Կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվարկելու արդյունքում վերջնական պատիժը սահմանվել էր 1 տարի 10 ամիս ժամկետով, առանց պայմանական ազատման, և նշանակվել էր 1 տարվա փորձաշրջան։

Վերաքննիչ բողոքների հիման վրա գործը դիտարկվել էր Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի։ Սեպտեմբերի 1-ին հրապարակված որոշմամբ վերաքննիչ ատյանը մասամբ բեկանել էր առաջին ատյանի վճիռը՝ վերացնելով պատժի պայմանական կիրառումը և վերահաստատելով 1 տարի 10 ամսվա իրական ազատազրկման որոշումը։