Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է անցկացրել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։
Երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։
Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների վարձատրության չափերին՝ ներկայացնելով վերջին վիճակագրությունը կառավարության նիստի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ շարքային կազմի պայմանագրային 1559 զինծառայող ստանում է ամսական 300–400 հազար դրամ վարձատրություն, 400 հազարից 500 հազար դրամ է ստանում 1156 զինծառայող, իսկ 523 հոգի՝ 500 հազարից 600 հազար դրամի չափով։ Նրա ներկայացմամբ՝ ևս 244 զինծառայողի վճարումը կազմում է 600 հազարից 700 հազար դրամ, իսկ 31 զինծառայող ստանում է 700, 000 դրամ ու ավելի վարձատրություն։






