Դատախազությունը 2025–ի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց: Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝ դրամական միջոցները:
Մասնավորապես՝
Երևան քաղաքում վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը՝ 9.6376 հա հողատարածքների և 572.6 քմ մակերեսով շինությունների նկատմամբ, որոնց կադաստրային արժեքը կազմել է մոտ 4 միլիարդ 621 միլիոն դրամ՝ մոտեցված շուկայական արժեքին։ Երևանում պետությանը վերադարձված հողամասերից հինգը գտնվում են Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում, մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախ հատվածում, իսկ երկու հողամաս էլ՝ Ղափանցյան 59 և 59/11 հասցեներում։
Մարզերում նույնպես վերականգնվել է պետության սեփականության իրավունքը՝ 24.2624 հա հողատարածքների նկատմամբ, որոնց կադաստրային արժեքը կազմել է 557 միլիոն 675 հազար դրամ՝ մոտեցված շուկայականին։ Տվյալ հողամասերից հինգը գտնվել են Ծաղկաձոր քաղաքում, իսկ մյուս գույքերը՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։
Համայնքային սեփականության իրավունքը գրանցվել է 2.9 հա հողատարածքների նկատմամբ, որոնց կադաստրային արժեքը կազմել է մոտ 20 միլիոն դրամ։ Բացի այդ, համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2.0275 հա հողատարածքներ՝ շուրջ 290 միլիոն 307 հազար դրամ կադաստրային արժեքով։
Օրինական ուժ ստացած դատական որոշումների հիման վրա, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման ենթակա է ճանաչվել 248 միլիոն 970 հազար դրամ։ Դրանից 110 միլիոն 642 հազար դրամն արդեն փոխանցվել է վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ 138 միլիոն 328 հազարի մասով՝ դատական ակտերը դեռ կատարման փուլում են։
Դատախազության նախաձեռնությամբ համայնքներին վերադարձվել են նաև հետևյալ գույքերը՝
3 մանկապարտեզ,
1 մարզադաշտ,
1 բնության հուշարձան,
2 պուրակ,
ինչպես նաև 6.5 հա հողատարածք՝ 209 միլիոն 159 հազար դրամ մոտեցված կադաստրային արժեքով։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում դատական ակտերի հիման վրա պետության կամ համայնքների հաշվեկշռին վերադարձվել է 40 անշարժ գույք (նախորդ՝ 2024 թվականին՝ 18 անշարժ գույք), որոնցից 30-ի համար առկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, իսկ 10-ի դեպքում՝ իրավունքի դադարեցման և համայնքի տնօրինության տակ վերադարձնելու մասին ակտեր։






