AM
10 Նոյեմբեր 2025 - 14:42 AMT

Տեր Եսայի. Կաթողիկոսի հրաժարականի և Արշակ սրբազանի կարգալուծման մասին լուրերը կեղծ են

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի, ինչպես նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կարգալուծման պահանջի մասին լուրերն ապատեղեկատվություն են։, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մամուլում Վեհափառ հայրապետի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է: Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ հայրապետը, հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ստեղծել է հանձնախումբ»,- նշել է Տեր Եսային։

Հոկտեմբերի 25-ին «Հայկական Վիկիլիկս» անունով նոր ստեղծված տելեգրամյան ալիքը հրապարակել է ինտիմ բնույթի տեսագրություն՝ այն վերագրելով Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Վերջինս արձագանքել է՝ նշելով, որ նույնիսկ գերլարված ջանքերի դեպքում ի վիճակի չէ զբաղվել հորինված և զրպարտչական նյութերի հերքմամբ՝ նախընտրելով անտեսման տարբերակը։

Հոկտեմբերի 27-ին ՀՀ դատախազությունը ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացրած հաղորդմանը՝ կապված Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության հետ։ ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկել է վարույթ՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության խախտման հատկանիշներով, կիրառելով տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոց։