AM
11 Նոյեմբեր 2025 - 06:17 AMT

Միասնական աղոթք կկատարվի Արագածոտնի թեմի առաջնորդի և մյուս կալանավորված հոգևորականների համար

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում անցկացվելու է միասնական ժամերգություն և աղոթք՝ ի զորակցություն անազատության մեջ հայտնված հոգևորականների, հայտնում է Արագածոտնի թեմը։

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, բոլոր ազատազրկվածների, հոգևոր դասի, մեր Սուրբ եկեղեցու անսասանության և ամենքի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։