AM
11 Նոյեմբեր 2025 - 06:47 AMT

Սյունիքում սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ ծրագիր կմեկնարկի

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում «Հենար» հիմնադրամի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգի ծրագիր իրականացնելու նպատակով։ Այս նախաձեռնությունը նախատեսված է 18 տարեկան և բարձր անձանց համար, ովքեր գրանցված են առաջնային բուժօգնություն մատուցող հաստատություններում, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ծրագիրը փորձարարական եղանակով կգործի Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող Շաքիի և Ախլաթյանի, Խնձորեսկի ԱԱՊԿ-ի սպասարկման տարածքում գտնվող Կոռնիձորի և Հարթաշենի բնակավայրերում:

«Բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը շատ կարևոր են: Եվ, հաշվի առնելով սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի տարածվածությունը, հաստատվել է առողջական այս խնդիրների վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտությունների իրականացման ծրագիր, որն իրականացվելու է «Հենար» հիմնադրամի աջակցությամբ»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հուշագրի ստորագրման ժամանակ:

Ծրագիրը ներառում է երկու փուլ՝ նախ հարցաթերթիկի լրացում և անթրոպոմետրիկ տվյալների (քաշ, հասակ), ինչպես նաև զարկերակային ճնշման գրանցում։ Եթե արդյունքները ցուցադրում են բարձր ռիսկ, ապա կազմակերպվում են հետագա լրացուցիչ հետազոտություններ՝ արյան գլյուկոզի և լիպիդային մակարդակի որոշում։ Բացահայտված ռիսկային հիվանդները ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական օգնության։ Իսկ եթե ռիսկի գործոններ չեն հայտնաբերվում, ապա անձը կրկին անցնում է սքրինինգ երկու տարի անց։

«Ծրագրի արդյունքները հնարավորություն կտան ապացուցողական բազա ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կանխարգելիչ այցն արդյունավետ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։