AM
11 Նոյեմբեր 2025 - 08:39 AMT

Azdarar.am-ում ծանուցման տեղադրման 7-րդ օրը քաղաքացին կհամարվի պատշաճ ծանուցված

Պետությունը փորձում է լուծել պատշաճ ծանուցումների խնդիրը. քաղաքացիներին ծանուցումների համար կգործի էլեկտրոնային հարթակ, հարթակ մուտք գործելուց հետո նա կհամարվի պատշաճ ծանուցված, 3 օրվա ընթացքում մուտք չգործելու դեպքում ծանուցումը կուղարկվի առաքանու միջոցով, սա ևս չստանալու դեպքում այն կտեղադրվի հարթակում, որտեղ տեղադրվելուց հետո 7-րդ օրը քաղաքացին կհամարվի պատշաճ ծանուցված: Այդ մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններն ու հարակից օրենքների փաթեթը Ազգային ժողովի նիստում։

Նախարարն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են պետական կառույցների ու քաղաքացիների միջև պատշաճ ծանուցումների բացակայության պատճառով, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում միավորված էլեկտրոնային ծանուցման համակարգ չի գործարկվում, ինչի հետևանքով քաղաքացիները շատ դեպքերում չեն տեղեկացվում պետական որոշումների մասին։

«Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով: Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում: Եվ, եթե անձը մուտք գործի այդ հարթակ, ապա համարվելու է ծանուցված:

Անձը կարող է նաև տրամադրել իր հավելյալ կապի միջոցները՝ անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել:

Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, ապա սկսելու է աշխատել հաջորդ քայլը՝ ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով, պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով: Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցվողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին, փոստն այն ծրարավորում է և ուղարկում անձի հաշվառման հասցեով»,–ասել է Գալյանը։

Եթե այս եղանակով նույնպես անհատը չստանա ծանուցումը կամ մերժի այն ստանալը, ապա ծանուցումը կհրապարակվի կայքում։ Հրապարակումից յոթերորդ օրը այն կհամարվի պատշաճ իրականացված։

Այդուհանդերձ, եթե քաղաքացին նախապես համաձայնություն տված լինի, որ ծանուցումները կարող են ուղարկվել միայն էլեկտրոնային եղանակով, ապա այդ դեպքում նա պատշաճ ծանուցված կհամարվի՝ ծանուցումը տեղադրելուց երեք օր անց՝ անկախ նրանից, մուտք գործել է հարթակ, թե ոչ։

Գալյանի խոսքով՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցումը կիրականացվի հարկային մարմնի հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։ Այդ ծանուցումները կհամարվեն պատշաճ երեքերորդ օրվանից՝ ՊԵԿ համակարգում տեղադրվելուց հետո։ Եթե այդ ընթացքում իրավաբանական անձը մուտք չգործի համակարգ, ծանուցումը միանգամից կհրապարակվի կայքում, իսկ տեղադրումից հինգերորդ օրը այն կճանաչվի պատշաճ։

Ինչ վերաբերում է ծանուցման հարթակի կոնկրետ անվանը, պաշտոնական էլեկտրոնային փոստի դերին և այլ տեխնիկական մանրամասներին՝ դրանք կսահմանվեն կառավարության որոշմամբ։