AM
11 Նոյեմբեր 2025 - 10:43 AMT

Լուսագյուղցիները փակել են ճանապարհը․ Թույլ չեն տալիս ապամոնտաժել իրենց տեղադրած խաչքարերը

Արագածոտնի մարզի Լուսագյուղում բնակիչները ճանապարհ են փակել՝ թույլ չտալով ապամոնտաժել իրենց կողմից տեղադրված խաչքարերը։

Վարչապետի աշխատակազմից հրաման է եկել Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան՝ հրդեհային անվտանգության նկատառումներով համայնքում տեղադրված որոշ խաչքարեր ապամոնտաժելու վերաբերյալ։ Սակայն երբ համայնքապետարանը, համապատասխան տեխնիկայով, աշխատակիցներով գնացել է Լուսագյուղ՝ ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար, բնակիչները փակել են ճանապարն ու թույլ չեն տվել, հայտնում է Factor.am-ը։

Այդ մասին ասել է Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, որը տեր Արամ քահանա Ասատրյանի կարգալույծ արվելուց հետո նշանակվել է Հովհաննավանքում և սպասարկում է նաև Լուսագյուղի Վերի վանք եկեղեցին։

«Բնակիչներն ասել են, որ թույլ չեն տա ապամոնտաժել իրենց տեղադրած խաչքարերը»,– ասել է Տեր Սարգիսը՝ հավելելով, որ Լուսագյուղի Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված է երկաթե խաչքար՝ վրան լույսերով, ինչպես նաև այլ խաչքարեր։

Ապարանի համայնքապետարանից հստակ պարզաբանումներ չեն տրամադրել՝ նշելով միայն, որ հրամանը վերադաս մարմնից է ստացվել։ Թեև պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել հրամանի հիմքը, ամենայն հավանականությամբ, այն հետևանք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչեցրած դիրքորոշումների։

Փաշինյանը դեռևս 3 տարի առաջ կառավարության նիստում խոսել էր այն մասին, որ «Հայաստանում խուճապային տեմպերով խաչքարեր ու խաչեր են ավելանում, և չի կարող լինել այնպես, որ ով որտեղ ինչ ցանկանա՝ կառուցի»։

«Վստահ չեմ, որ նման նախաձեռնության հեղինակներին Նոր կտակարանից կամ Աստվածաշնչից հարց տաս, կկարողանան պատասխանել»,- ասել էր Փաշինյանը՝ հայտնելով, որ պետք է ուսումնասիրել ինչ է կատարվում։