AM
11 Նոյեմբեր 2025 - 10:59 AMT

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստերը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու տարբեր հոդվածներով։ Այդ լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով»,– հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի քան մեկ տարի առաջ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Նաիրա Գրիգորյանի օգնականը կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության գործով օժանդակելու կասկածանքով։

2024 թվականի նոյեմբերին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ դատավոր Գրիգորյանին նախատեսվում է հարցաքննել այդ գործի շրջանակում։ 2025 թվականի նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։