AM
11 Նոյեմբեր 2025 - 11:32 AMT

Խանդանյան. Փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել՝ նախ պետք է անկլավները սահմանազատվեն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կա անկլավների հարց, որը պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում:

Նա հավելել է, որ փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, իսկ թե երբ կսահմանազատվեն՝ հայտնի չէ, գրում է 1lurer.am-ը։

«Սահմանզատման գործընթացը պետք է շարունակվի, և սահմանազատման գործընթացի որևէ փուլում, չգիտեմ՝ մեջտեղո՞ւմ, վերջո՞ւմ, թե ոնց, պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, այդ պայմանագիրը պետք է վավերացվի: Պետք է տեղի ունենան սահմանագծման աշխատանքներ, հետո արդեն Հայաստանը և Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում:

Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենա»,- ասել է նա:

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին՝ TRIPP հարթակի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանը կվերադարձնի Արծվաշենը և օկուպացիայի տակ գտնվող հայկական մյուս տարածքները: Մինչ այդ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Տիգրանաշեն գյուղի և Տվուշում երեք անկլավների վերադարձը մնում է Բաքվի ուշադրության կենտրոնում: