AM
11 Նոյեմբեր 2025 - 11:40 AMT

ԳՇ պետի նախկին տեղակալ Կարապետյանի նկատմամբ որոշվել է հեռակա վարույթ իրականացնել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈւ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, հակառակորդն օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ մոտ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ:

2021 թվականի մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ.-ն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը:

Հիմնված մեղադրանքով, Արշակ Կարապետյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ իշխանության չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների։

Քննության ընթացքում որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանք, և հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։