AM
11 Նոյեմբեր 2025 - 12:03 AMT

Ռուբինյան. Ռուս խաղաղապահների ներկայությունը չի խանգարել Ադրբեջանին վերահսկողություն հաստատել ԼՂ–ում

Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում քննադատել է նախկին նախագահներին՝ նշելով, թե նրանք տարիներ շարունակ խոսել են «հանճարեղ առաջարկների» մասին, որոնք, սակայն, չեն իրագործվել, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը 2023–ին չի խանգարել Ադրբեջանին վերահսկողություն հաստատել ԼՂ–ում:

«Շատ լավ, եթե այդպիսի հանճարեղ առաջարկներ կային՝ ինչո՞ւ չեն իրագործվել։ Իրականում, մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները մենք պրակտիկայի մեջ տեսել ենք, առնվազն 2010-ականներին հնչած առաջարկները ենթադրել են, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքի շուրջ ռուս խաղաղապահներ են կանգնում և կարգավիճակի հարցին անդրադարձ չի լինում, այս ամենը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Մենք տեսել ենք, որ ռուս խաղաղապահների ներկայությունը չի խանգարել, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերնցի Լեռնային Ղարաբաղը»,– ընդգծել է Ռուբինյանը։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը, ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում՝ Հայաստանը պատերազմ չի հրահրել, չի դադարեցրել բանակցային գործընթացը։

«Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այդ փաստերը ճիշտ չեն»,– նշել է նա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ 44–օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 18-19–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկը՝ հստակ իմանալով, որ պարտվելու է։