AM
11 Նոյեմբեր 2025 - 13:52 AMT

Սարգսյանը՝ Փաշինյանի գրառման մասին․ Կարևորը՝ կորզել ենք բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դատական նիստից առաջ լրագրողների հետ խոսելիս, անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին իր հարցազրույցին։

«Կարևորն այն է, որ գոնե կարողացանք կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում։ Տեսնենք»,– նշել է Սերժ Սարգսյանը, գրում է Panorama.am-ը։

Փաշինյանը մասնավորապես գրել էր. «ՍՍ–ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։

Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ խաբար արա»։

Սարգսյանն իր հարցազրույցում ասել էր, որ 44–օրյա պատերազմի հիմնական պատճառներից մեկը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը։ Նրա խոսքով՝ բանակցող կողմը ներկայացրել է անհասկանալի տարբերակ, ինչի հետևանքով բանակցությունները դադարեցվել են։

Երրորդ նախագահը նշել է, որ, իր կարծիքով, երկրի ներկա ղեկավարը սկզբնական շրջանում պարզապես չի կարողացել լիարժեք տիրապետել բանակցային գործընթացին, քանի որ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր հասկանալ, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։