AM
11 Նոյեմբեր 2025 - 14:47 AMT

Տեր Սահակը՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Քայլել ենք, ոչ աղոթք եմ արել, ոչ օրհնել եմ, ոչ խոսել

Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սյունիք էր այցելել, եղել նաև Տաթևի վանքում։ Տաթևի վանքից նա լուսանկարներ էր հրապարակել Հայր Միքայելի ու Հայր Սահակի հետ, և շատերի մոտ այն տպավորությունն էր, որ Հայր Սահակը, ով Արցախի Գանձասարի վանահայրն էր, ջերմ ընդունելության է արժանացրել եկեղեցուն դեմ դուրս եկած իշխանության ներկայացուցիչներին։

Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը հերքել է բոլոր այն լուրերը, թե հատուկ հանդիպել է Ալեն Սիմոնյանին. նրանց հանդիպումը պատահական է եղել, հայտնում է Aysor.am-ը։

«Պատահական եմ հանդիպել, քայլել ենք, ո՛չ աղոթք եմ արել, ո՛չ օրհնել եմ, ո՛չ խոսել, այգում աշխատում էին աշխատողները, գնացել էի նայելու, հետվերադարձի ճանապահին տեսա, որ այնտեղ է, թեև նախապես զանգել ասել էին, որ Արարատ Միրզոյանն է գալիս, ես իմ ծառայության մեջ էի, այգուց էի գալիս, մեկ էլ տեսա Ալեն Սիմոնյանն իջնում է, մինչ այդ՝ մարզպետի հետ էի խոսում, Տաթևի համայնքապետ Լալայան Սամվելի հետ էի խոսում, ասացի՝ բա ասում էիք Արարատ Միրզոյանն է գալիս, սա է եղել»,- ասել է Տեր Սահակը։

Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը նշեց՝ ՔՊ-ականների հետ խոսելու ոչինչ չունի։

«Որպես արցախցի՝ Արցախը կորցնելուց հետո ես այս մարդկանց հետ ի՞նչ պետք է խոսեմ, խոսելու բան չունեմ։ Ես չեմ կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսելու։ Բարևել եմ ու անցել-գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու, աղոթք անելու, ճաշի նստելու ո՛չ ցանկություն եմ ունեցել, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ, ես նման մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում։ Ես իմ տուն-տեղը, Գանձասարը թողել, եկել եմ այստեղ, դրանց հետ ի՞նչ խոսեմ»,- նշել է Հայր Սահակն՝ ընդգծելով՝ այս իշխանության նպատակը եկեղեցին ջլատելն է։

Ալեն Սիմոնյանն իր հերթին արձագանքել է Տեր Սահակին ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ ամն Հայր Սահակ, որին ինքը հանդիպել է Տաթևի վանքում, «հարցազրույց է տվել և ասել է բաներ, որոնք խղճահարություն, միևնույն ժամանակ մեծագույն ափսոսանք և ծիծաղ են առաջացել», հայտնում է 1lurer.am-ը։

«Հանդիպումը եղել է շատ հաճելի ինձ համար: Հայր Սահակն իմ կողմից շատ հարգված հայր Միքայելի հետ ինձ դիմավորեց հենց մուտքի մոտ՝ հետագայում չթողնելով, որ Հայր Միքայելը որևիցե շփում ունենա ինձ հետ: Նա միանձնյա ինձ ամբողջ տարածքը ցույց տվեց: Քննարկեցինք հնարավոր բոլոր հարցերը, և հայր Սահակն ինձ նաև պատմեց այն աշխատանքի մասին, որը տեղի է ունենում, և մեր շփումն այնքան ջերմ էր անցնում, որ վերջում նույնիսկ ես պատրաստակամություն հայտնեցի, ասացի՝ կարո՞ղ է ես ինչ-որ բանով փորձեմ աջակցել, որ ինչ-որ մի մասը շինարարության ֆինանսական առումով ես աջակցեմ: Եվ ֆինանսական աջակցության մասով Հայր Սահակը մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց և իր համարը տվեց իմ խորհրդականին, որ ես ինչ-որ ձևով մասնակցեմ ֆինանսական ծախսին, ինչը շատ ուրախացրեց Հայր Սահակին: Դրանից հետո Հայր Սահակը մեծ սիրով ճանապարհեց ինձ մինչև մուտք, մինչև ավտոմեքենա, և մենք սիրալիր ձևով բաժանվեցինք:

Չի կարելի սուտ խոսել, պատվիրաններից մեկն ասում է՝ քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր, և ես ցավում եմ, որ եկեղեցականն այդքան համարձակություն չունի և այդքան վախվորած է, այդքան ընկճված է, որ մեր հասարակ շփումն իր մոտ այդպիսի վիճակ է առաջացրել, որ ինքը պատվիրան է խախտում: Ես ներում եմ իրեն քրիստոնեաբար, թող Աստված ների իրեն իր սուտ խոսելու համար: Չեմ ուզում հավատալ՝ նման բարքերը պետք է շարունակվեն և տեղ ունենան մեր եկեղեցում:

Առիթից օգտվելով՝ նորից ուզում եմ ասել՝ մեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին լի է բազմաթիվ պարկեշտ մարդկանցով, որոնց ես իմ ողջույններն եմ ուղարկում և շնորհակալություն հայտնում իրենց աշխատանքի համար, իսկ Հայր Սահակին Աստված թող ների, ես ներում եմ»,- պատմել է Ալեն Սիմոնյանը։