ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն պնդմանը, թե Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն եղել է 1-ը 5-ին։
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշել է, որ իրականում այդ հարաբերակցությունը կազմել է մոտավորապես 1-ը 3-ի, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նաև հարց է բարձրացրել՝ եթե 1998-2008–ին Ադրբեջանն ավելի ուժեղ էր, ինչո՞ւ չէին այդ ժամանակ սկսում պատերազմ:
Ռուբինյանն իր հայտարարության մեջ պատճառաբանել էր, թե ռազմական բյուջեի անհամամասնության պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները։
«Իհարկե նրանք ստում են»,– ասել է Միկոյանը՝ ընդգծելով, որ այդ տվյալները հրապարակված են բաց աղբյուրներում, այդ թվում՝ Military Balance պարբերականում։
Միկոյանը հավելել է, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը դաշնակից պետություններից սպառազինություն է ձեռք բերել կա՛մ արտոնյալ պայմաններով, կա՛մ որպես նվիրատվություն։ Նրա խոսքով՝ դա ապահովել է ռազմական հավասարակշռության պահպանում Ադրբեջանի հետ։ Այդ ամենի վկայությունն, ըստ Միկոյանի, եղել է տասնամյակի խաղաղությունը։
«Իսկ ընդհանրապես փաստ է, որ Ադրբեջանը թե՛ տարածքով և թե՛ բնակչությամբ Հայաստանից մոտ 3 անգամ մեծ է, և այս փաստը կարող է հայտնագործություն լինել կյանքի երրորդ տասնամյակում առաջին անգամ աշխատանք տեսած ու միանգամից բարձր պետական պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր պատահականության համար։ Այ իրենց օրոք, օրինակ՝ 2020 թվականին, ռազմական բյուջեների տարբերությունը արդեն 3.5 անգամ էր։ Իսկ մեր ունեցած այդ բյուջեն նրանք վատնում էին մարտական թռիչք չանող և միայն սելֆիների համար հարյուր միլիոնավոր դոլարներով գնած ինքնաթիռների, տասնյակ միլիոնավոր դոլարներով գնված ժանգոտ ու անիմաստ ՀՕՊ համակարգերի վրա»,– նշել է Միկոյանը։
Արձագանքելով Ռուբինյանին՝ Միկոյանը նաև մի շարք հարցադրումներ է ուղղել գործող իշխանությանը՝ փորձելով ընդգծել նախկին և ներկա վարչակազմերի տարբերությունները։
Եթե 1998-2008 թվականներին Ադրբեջանը ավելի ուժեղ էր, ապա ինչո՞ւ այդ տարիներին պատերազմ չէր սկսվում, և ինչո՞ւ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը եղել է ամբողջական խաղաղության փուլ, մինչդեռ 2018-2025 թվականների ընթացքում, երբ ներկայիս իշխանությունը պնդում է ուժեղ լինելու մասին, Ադրբեջանը մի քանի անգամ հաղթանակ է տարել։
Եթե 1998-2008 թթ․ աղքատության մակարդակը նվազել է ավելի քան կրկնակի, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ չորս անգամ, իսկ 2018-2025 թթ․ այդ ցուցանիշները չեն բարելավվել, ապա ո՞ր իշխանությունն է զբաղվել ընտանեկան բյուջեն լցնելով։
Ո՞ր իշխանությունն է, որ Ադրբեջանին թողել է այնպիսի զինամթերք ու տեխնիկա, որի արժեքը գերազանցել է Ադրբեջանի ռազմական բյուջեն, և որն ապահովվել է 1998-2008 թթ․ պետության ու ժողովրդի աշխատանքի արդյունքում։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ուժային հավասարակշռության խախտումը եղել է պատերազմի գլխավոր պատճառներից մեկը։






