«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրել է հանրային քաղաքական հարցերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Նրա խոսքով՝ ստացված տվյալներից մի քանիսը հատկապես աչքի են ընկնում։ Մասնավորապես՝ մինչև 18 տարեկանների մոտ 64 տոկոսնասել է, որ կմիանա, եթե եկեղեցին համազգային միավորման կոչ անի, հայտնում է «Առավոտը»։
Նրա խոսքով՝ արդեն երկու տարի հիմնադրամը յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում է հետազոտություններ, որոնք ընդգրկում են ամբողջ հանրապետությունը՝ ներառելով ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերը, տարիքային խմբերն ու կրթական մակարդակները՝ հիմնվելով վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների վրա։ Ներկայացված վերջին հարցումը անցկացվել է հոկտեմբերի 5-25-ը, մասնակցել է 1123 մարդ։ Ըստ Խաչիկյանի՝ կրկնվող հարցերի միջոցով հետևում են հասարակական տրամադրությունների դինամիկային։
Նա նշել է, որ այն հարցին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հնարավո՞ր է արդյոք, Ադրբեջանի պահանջով, կրճատել բանակի կազմն ու սպառազինությունը, մոտ 80 տոկոսը պատասխանել է բացասաբար՝ չցանկանալով զիջումներ անել նույնիսկ այդ պայմաններում։
Խաչիկյանն ընդգծել է նաև, որ չնայած վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ուղղված քննադատություններին, դրա վարկանիշը մնացել է անփոփոխ։ Նա նշել է, որ մինչև 28 տարեկան երիտասարդների շրջանում եկեղեցուց դժգոհների թիվը կազմում է ընդամենը 3․6 տոկոս։ Ըստ հարցման արդյունքների՝ եկեղեցու նկատմամբ վստահությունը մնում է բարձր՝ հասնելով մոտ 70 տոկոսի։ Բարձր վարկանիշ ունի նաև զինված ուժերը։
Իսկ կառավարության հանդեպ վստահության մակարդակը մնացել է կայուն՝ մոտ 40 տոկոս գոհունակությամբ, ինչը, ըստ Խաչիկյանի, վերջին ամիսների ընթացքում լուրջ տատանումներ չի արձանագրել։ Ոստիկանության աշխատանքից գոհունակություն է հայտնել մոտ 54.6 տոկոսը։
Մինչդեռ, ներկաներից մի քանիսը կասկածել են, որ հարցվողները լիարժեք հասկացել են որոշ հարցերի բովանդակությունը։ Խաչիկյանին հատկապես զարմացրել է այն, որ հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության պայմանագիրը կբերի իրական խաղաղության, մոտ 65 տոկոսը պատասխանել է բացասաբար, միայն 3,․ տոկոսն է վստահություն հայտնել։
«Մի կարևոր հարց էլ ունեինք: Հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչող քննադատությունները՝ արդյո՞ք դուք կմիանաք եկեղեցու կողմից համախմբման կոչին: Հատկանշական է, որ մոտ 49 %-ը նշել է՝ այո: Եվ մինչեւ 18 տարեկանների մոտ 64 %-ն ասել է, որ կմիանա, եթե եկեղեցին համազգային միավորման կոչ անի: Սա ևս կարևոր արձանագրում է»։
Ինչ վերաբերում է, թե որ երկրների հետ հայերը նախընտրում են ռազմաքաղաքական դաշինք ձևավորել՝ հարցման արդյունքում արձանագրվել է, որ Ռուսաստանի օգտին իրենց ձայնը տվել է մոտ 37.8 տոկոսը, ԱՄՆ-ի՝ 18.3 տոկոսը, իսկ Եվրոպական միության վստահության մակարդակը հոկտեմբերին ընկել է՝ կազմելով մոտ 16 տոկոս, մինչդեռ հուլիսին այն կազմում էր մոտ 22 տոկոս։
Այն հարցին, թե Թուրքիան և Ադրբեջանը ներառվա՞ծ են եղել այդ ցուցակում, Խաչիկյանը պատասխանել է․ «Թուրքիայի անունը կա: 0․5 % է: Մենք դա չենք ներկայացնում, որովհետեւ վիճակագրորեն նշանակալի չէ։ Ադրբեջանի մասով մենք միշտ հարց տալիս ենք, թե հնարավո՞ր է բանակցությունների միջոցով կայուն, երկարատև խաղաղության հասնել: Վերջին հետազոտությամբ 30․5 %-ը նշել է, որ հնարավոր է, և մոտ 70 %-ն ասել է, որ հնարավոր չէ: Մոտավորապես 65-70 %–ը չի հավատում, որ հնարավոր է խաղաղության հասնել: Ու շատ կարևոր է, որ այստեղ էլ երիտասարդները դրան ամենաքիչն են հավատում»։
Խաչիկյանը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել այն կարծրատիպը, թե երիտասարդները անտարբեր են պետական և ազգային խնդիրների նկատմամբ։ Ըստ նրա՝ հարցումները երեք անգամ հաստատել են, որ երիտասարդ սերունդը բարձր է գնահատում եկեղեցու դերը, կարևորում է ազգային թեմաներն ու տարբեր հիմնախնդիրներ։ Նրա համոզմամբ՝ միայն քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը պասիվ է, սակայն դա չի նշանակում անտարբերություն տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը, ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






