ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զինված ուժերում ընթացող ատեստացիայի գործընթացին։
Նա նշել է, որ զորքերում «շարքային-պայմանագրայինների աշխատավարձը սկսվում է 120-130 հզ. դրամից»։
«Բանակում ատեստացիայի արդյունքում հավելյալ գումարներ ստացող զինծառայողների վերաբերյալ, օրեր առաջ, պաշտպանության նախարարը ցուցանիշներ էր ներկայացրել, որտեղ երևում էր, թե շարքային անձնակազմի պայմանագրայիններն, ըստ գնահատականների, որքան աշխատավարձ են ստանում:
Ներկայացված անձնակազմի ճնշող մեծամասնությունը ենթադրաբար մարտական հերթապահություն կրող անձնակազմն էր:
Ըստ ՊՆ-ի, ատեստացիայի արդյունքում 3513 շարքային-պայմանագրայիններ տարբեր չափի հավելավճարներ է ստանում:
Ճիշտ է` զինված ուժերի ընդհանուր թիվը հույժ գաղտնի տեղեկություն է, սակայն մարտական հերթապահության զորամասերի, Ադրբեջանի հետ մեր ունեցած առաջնագծի երկարության մասին նույնիսկ նվազագույն պատկերացումներ ունեցող մարդիկ հասկանում են չէ՞, թե բանակի շարքային-պայմանագրայինների հաստիքացուցակում ինչպիսի փոքր տոկոս է կազմելու 3513 թիվը:
Այս համատեքստում, բնականաբար, չի ասվում, որ զորքերում շարքային-պայմանագրայինների աշխատավարձը սկսվում է 120-130 հզ. դրամից:
Նաև հիշեցնեմ, որ մոտավոր գնահատականներով, ԶՈւ անձնակազմի կեսը կամ նույնիսկ դրանից ավելին, տարբեր պատճառներով ատեստացիա հանձնելու հնարավորություն չունեն, իսկ ատեստացիայի քննություններին մասնակցողների 40%-ից ավելին դրա նվազագույն շեմը չի հաղթահարում:
Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը:
ՀԳ. Ատեստացիայի համակարգի բարելավման և զորքերի մարտական պատրաստության վիճակի բարձրացման հարցն առանձին քննարկման թեմա է, որին բազմիցս անդրադարձել եմ ու դեռ կխոսեմ»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների վարձատրության չափերին՝ ներկայացնելով վերջին վիճակագրությունը կառավարության նիստի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ շարքային կազմի պայմանագրային 1559 զինծառայող ստանում է ամսական 300–400 հազար դրամ վարձատրություն, 400 հազարից 500 հազար դրամ է ստանում 1156 զինծառայող, իսկ 523 հոգի՝ 500 հազարից 600 հազար դրամի չափով։ Նրա ներկայացմամբ՝ ևս 244 զինծառայողի վճարումը կազմում է 600 հազարից 700 հազար դրամ, իսկ 31 զինծառայող ստանում է 700, 000 դրամ ու ավելի վարձատրություն։






