AM
12 Նոյեմբեր 2025 - 10:05 AMT

Վարչապետը՝ գերիների մասին․ Խաղաղությունը շատ հարցեր կլուծի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Բաքվում անազատության մեջ գտնվող գերիների վերադարձի մասին հարցին, ասել է, որ ամենօրյա աշխատանք են իրականացնում։

Նա նշել է, որ խաղաղությունը շատ հարցեր կլուծի, հայտնում է 1lurer.am-ը։

«Եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլինի այդ հարցը, այսինքն՝ դիտանկյան խնդիր է:

Ես կարծում եմ, որ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի, շատ հարցեր կլուծի: Այսինքն՝ այն ընկալումը, որ մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիր, կարծում եմ՝ այդտեղ էլ բացարձակ չէ: Այսինքն՝ դա պրոցես է, կենդանի պրոցես է, ճիշտ չէ ասել՝ այսպես պետք է անենք, այնպես… որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, այս կետին չէինք հասնի, այսինքն՝ խաղաղության այս կետին չէինք հասնի:

Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերել, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին»,- ասել է նա։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։