ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2021-2024 թվականների ընթացքում, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում դպրոցի տնօրենը համապատասխան հաստիքներին հրամանագրել է իր ծանոթ անձանց, ովքեր ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն դպրոցի տնտեսվարի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված՝ աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրերի հիման վրա նշված անձանց որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր մոտ 2․7 մլն դրամի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է տնօրենի կողմից։
Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), որոնք վերաբերում են վատնման եղանակով հափշտակությանը և պաշտոնեական կեղծիքին։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են վարչական հսկողություն և պաշտոնի կասեցում։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






