AM
12 Նոյեմբեր 2025 - 10:30 AMT

Ռուբինյան․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ինձ հետ թող վիճի, բայց փաստերի հետ ինչո՞ւ է վիճում

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարություններին՝ ներկայացնելով 1998-2008 թթ․ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների համեմատությունը։

«Չեմ հասկանում` ինչու է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը որոշել վիճել փաստերի հետ: Ինձ հետ թող վիճի, դեմ չեմ, բայց փաստերի հետ ինչո՞ւ է վիճում:

Առաջին նկարում 1998 թվականի` Քոչարյանի նախագահության առաջին տարվա ՀՀ-Ադրբեջան ռազմական բյուջեների հարաբերակցությունն է` 1-1.1-ի` այսինքն գրեթե հավասար:

Երկրորդ նկարում` Քոչարյանի նախագահության վերջին տարում` 2008 թվականին այդ հարաբերակցությունն արդեն 1-5.3 է` այսինքն Ադրբեջանի ռսզմական բյուջեն արդեն ավելի քան 5 անգամ ավելի մեծ էր, քան Հայաստանինը:

Այս 10 տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացնում էր իր ռազմական բյուջեն, իսկ Քոչարյանը` իր ընտանեկան բյուջեն:

Այնպես որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ամբաղ-զամբաղ խոսելուց առաջ թող մի քիչ կարդա»,–գրել է նա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն պնդմանը, թե Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն եղել է 1-ը 5-ին։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշել է, որ իրականում այդ հարաբերակցությունը կազմել է մոտավորապես 1-ը 3-ի։ Նա նաև հարց է բարձրացրել՝ եթե 1998-2008–ին Ադրբեջանն ավելի ուժեղ էր, ինչո՞ւ չէին այդ ժամանակ սկսում պատերազմ: