AM
12 Նոյեմբեր 2025 - 11:12 AMT

8 հոգևորական է կանչվել ՔԿ` Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված վարույթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից 8 հոգևորական է հրավիրվել Քննչական կոմիտե։ Քրեական վարույթը, որի շրջանակներում հոգևորականները վկայի կարգավիճակով կանչվել են հարցաքննության, վերաբերում է Նաթան սրբազանին և կարգալույծ հռչակված Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող հեռախոսային խոսակցության ձայնագրությանը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ դեռևս անհասկանալի է, թե իրականում ինչի վերաբերյալ է իրականացվում քննությունը, քանի որ պարզ չէ՝ ձայնագրությունը որտեղից է ձեռք բերվել, ինչպես է տարածվել, և ինչ պարունակություն ունի։ Նրա խոսքով՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտման վերաբերյալ հաղորդում ներկայացվել է, սակայն քրեական վարույթ այդ առնչությամբ նախաձեռնված չէ։

Փաստաբանը նաև ընդգծել է, որ մինչ այս պահը վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն չի նշանակել ձայնագրության իսկությունը պարզելու համար, ինչպես նաև չի քննվել՝ որտեղից և ինչպես է ձայնագրությունը ձեռք բերվել։ Չնայած այն փաստին, որ ձայնագրությունը շրջանառվել է իշխանամետ լրատվամիջոցներում, դրա իսկության, մասնակցի նույնականացման կամ բովանդակության փաստացի ճշգրտման փորձ չի արվել։ Քննչական կոմիտեն էլ հրաժարվել է այդ ուղղությամբ քննչական գործողություններ նախաձեռնել։

Մայր Աթոռից հարցաքննության հրավիրված հոգևորականներից մեկը վարդապետ է, սակայն փաստաբան Ֆարմանյանը չունի տվյալներ՝ արդյոք նա Կարգապահական հանձնախմբի անդամ է։ Երնջակյանի հարցաքննության վերաբերյալ ևս որևէ տեղեկություն հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Նաթան Սրբազանի և Երնջակյանի միջև առերես հարցաքննություն դեռևս տեղի չի ունեցել, ինչպես նաև Վեհափառ Հայրապետին հարցաքննելու հարց օրակարգում չի հայտնվել։

Հոկտեմբերի 17-ին իշխանամետ լրատվամիջոցներում տարածվել է ձայնագրություն, որտեղ նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Հեռախոսազրույցը կայացել է 2023–ին։