Սկսվել է մասնակցության հայտերի ընդունումը «Նոր տարվա տոնավաճառ 2025-2026»-ին, որը կանցկացվի Ստեփան Շահումյանի անվան պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Տոնավաճառին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ներկայացնում են.
- ամանորյա խաղալիքներ և նվերներ,
- սննդամթերք,
- ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ,
- սուրճ, թեյ և քաղցրավենիք։
Միջոցառումը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2026 թվականի հունվարի 14-ը ներառյալ։ Տոնավաճառի աշխատանքային ժամերն են՝ ամեն օր 12:00-ից 22:00-ը, իսկ որոշ օրերին այն կգործի մինչև 24:00։
Նշվում է, որ տաղավարների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է՝ ելնելով ներկայացվող տեսականու համապատասխանությունից և տոկոսային բաշխման սկզբունքից։ Ընկերություններից կարող է պահանջվել տրամադրել իրենց ապրանքների նկարները, տեսականու ամբողջական ցանկը, ինչպես նաև սոցիալական հարթակների հղումները։
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ։
Հետաքրքրվողները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 91 26 45 95, +374 77 26 45 95, կամ գրել էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Երևանի քաղաքապետարանը կոչ է անում միասին ստեղծել ամանորյա ուրախ մթնոլորտ՝ ձմեռը դարձնելով հիշարժան երևանցիների ու քաղաքի հյուրերի համար։






