Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ սահմանին զինվոր չի զոհվել՝ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել այսպիսի իրավիճակ։ Նա այդ մասին խոսել է՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցների շրջանակում ներկայացված տեսակետին, թե Փաշինյանը բանակցությունները փակուղի է տարել, ինչն էլ հանգեցրել է պատերազմի:
«Եթե 2018-ին չկար պատերազմ, ինչո՞ւ էին զինվորները զոհվում սահմանին: Պատերազմը ո՞րն է, պատերազմն այն է, որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում: Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 2018-ից առաջ»,- ասել է Փաշինյանը, հայտնում է 1lurer.am–ը։
Նա հավելել է, որ երբ բանակցային փաստաթղթերը հրապարակվեն, նախկինում արված բոլոր առաջարկությունները կներկայացվեն՝ և՛ 2016-ի հուլիսի, և՛ օգոստոսի, նաև կհրապարակվի Սերժ Սարգսյանի նամակը, որի մասին խոստացավ հետագայում առավել մանրամասն խոսել:
«Ի միջի այլոց, խոսվում է ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է: Երբ բանակցային փաթեթը հրապարակվի, դուք կտեսնեք՝ ոնց է Սերժ Սարգսյանն իր ձեռքով գրել և ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է ինձնից առաջ»,- ասել է նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ իր նախագահության 10 տարիները եղել են ամենախաղաղ տարիները։






