AM
12 Նոյեմբեր 2025 - 13:15 AMT

«Մայր Հայաստանը» հայտնել է, որ իր աջակցին առևանգել են, ՆԳՆ-ն՝ որ նա ձերբակալվել է խուլիգանության համար

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը»։

Շարժման անդամ Գևորգ Ստեփանյանը մանրամասնել է, որ նրան տարել են կուսակցության գրասենյակի դիմացից, հայտնում է Panorama.am-ը։

«Չգիտենք՝ ուր տարան։ Բլոգերը եղել է իր ընկերուհու հետ»,-ասել է Ստեփանյանը։

Նրա խոսքով, Օնո Հարությունյանը բարձրաձայնում էր Էջմիածնի քաղաքապետարանի թույլ տված խախտումների, խայտառակ ղեկավարման մասին։

«Գցեցին գետնին, տարան դրեցին մեքենայի մեջ, իմ հեռախոսն էլ վերցրեցին ձեռքից, ասեցին՝ ի՞նչ իրավունք ունեք նկարելու։ Քաղաքացիական հագուստով էին»,-մանրամասներ է պատմել ընկերուհին։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մեկ անձ ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով և ներկայացվել է Քննչական կոմիտե, հայտնում է Factor.am-ը։

Կոմիտեից փոխանցել են, որ հավելյալ տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ՝ ճշտելուց հետո։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումից ևս հայտնել են, որ մանրամասները ճշտվում են։

Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 16–ին։