AM
12 Նոյեմբեր 2025 - 13:36 AMT

ԶԼՄ․ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չկիրառելուց հետո խուզարկել են դատավորի նախկին աշխատակցի բնակարանը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելուց հետո դատավոր Գիվի Հովհաննիսյանի աշխատակազմի նախկին աշխատակիցներից մեկի բնակարանում խուզարկություն է իրականացվել, հայտնում է Factor TV-ին իրավապահ համակարգում աղբյուրների վրա հղումով։

Վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025-ի գարնան սկզբին, սակայն 8 ամիս անց միայն՝ այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափաման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իրավապահները որոշել են խուզարկություն իրականացնել։

Ըստ նույն աղբյուրի՝ դատավորը գործով չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ավելին, գործում նրա անունը գրված չէ, այլ նշված է «դատական իշխանության ներկայացուցիչ»։ Իսկ նման ձևակերպման պատճառն այն է, որ դատավորի անունը գործում նշելը կարող է խնդրահարույց լինել՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Սերժ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները՝ Գիվի Հովհաննիսյանը և Արամ Գրիգորյանը, վերացրել են նրա նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն Դատախազությունը նոյեմբերի 4-ին երկու գործերով դատավորներին միջնորդություններ է ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ կրկին բացակայելու արգելք կիրառելու մասին՝ պատճառաբանելով, թե օպերատիվ տվյալներ ունեն, որ Սարգսյանը պատրաստվում է գնալ Հայաստանից և չվերադառնալ։

Նոյեմբերի 4-ին և 5-ին Հակակոռուպցիոն դատարանը քննարկել է այդ միջնորդությունները և մերժել։ Նախ առաջին մերժման որոշումը կայացրել է դատավոր Գիվի Հովհաննիսյանը, իսկ հետո՝ Արամ Գրիգորյանը։ Դատարանում անհաջողությունից հետո Սերժ Սարգսյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, ներկայացրել են նոր մեղադրանք և որպես խափանման միջոց ընտրել են բացակայելու արգելքը։